ՎԱՅԵԼՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մաս 1
Երբ վերջին անգամ տեսա նրան, նա շատ տխուր էր: Նա թախծոտ աչքերով այնպես նայեց ինձ, կարծես խնդրում էր, աղաչում, որ մենակ չթողնեմ իրեն, կարծես կյանք էր աղերսում ինձանից: Ես չհասկացա նրան, կամ ավելի շուտ չցանկացա հասկանալ: Սկզբունքներս ու ինքնասիրահարվածությունս թույլ չտվեց ներել ու գնահատել նրա սերը: Նա գնաց, հեռացավ ինձանից լուռ, գլխիկոր, կարծես հանցանք գործած լիներ: Բայց 
ի±նչ էր արել նա իրականում: Ոչինչ, ընդամենը սիրել էր ու խանդել իմ նման սրիկային, որ իր հաճույքից ու կյանք անելուց այն կողմ ուրիշ ոչինչ չէր տեսնում: Ցավոք, միայն հիմա եմ հասկանում, թե որքա՜ն էր նա սիրում, որքա՜ն անկեղծ էին ու անսահման նրա զգացմունքերը ու որքա՜ն արդարացված էր նրա խանդը: Ես անգամ չփորձեցի նրան հետ պահել, ոչինչ չասեցի, դաժանությունն ու անխղճությունը պատել էր սիրտս ու հոգիս: <<Կյանքը մեկ անգամ է տրվում ու այն պետք է վայելել ամեն գնով, պետք է ապրել ներկայով առանց որևէ պարտավորությունների, ում դուր է գալիս թող մնա իմ հետ ու վայելի կյանքը, իսկ ում ոչ` թող հեռանա>>. Դա իմ կյանքի ոսկե կանոն էր, որ բեկման ենթակա չէր, իսկ սերը, արցունքները ինձ բնավ չէին հետաքրքրում: Նրա հեռանալուց հետո ես ժամանակ չկորցրի, անմիջապես զանգեցի իմ նոր Հաճույքին ,  ով դարձել էր իմ ու Մանեի բաժանման պատճառը ու գնացի նոր զգացողություններ որսալու:

Մաս 2
Ու այսպես անցան տարիներս` վայելքի ու հաճույքի հորձանուտներում: Իմ նոր Հաճույքը այնքանով էր լավ, որ չէր խանդում: Նրա համար մեկ էր, թե ես ում հետ կլինեմ իրենից հետո: ժամանակին կարծում էի, թե դա է ճիշտը ու Մանեին իր խելահեղ խանդի համար տանջանքի ու կտտանքների էի ենթարկում` իմ մշակած եղանակներով: Իսկ նա լռում էր, խենթի նման սիրում ու տառապում: Մինչ եկավ այն պահը, երբ ես քար դարձած ուղղակի ասեցի նրան, որ նոր կին եմ գտել ուզում է թող մնա իրեն էլ մի փոքր ժամանկ կհատկացնեմ, ուզում է գնա: Նա սառեց մի պահ,  մինչ օրս հիշում եմ նրա խոսքերը. <<Ես սիրում եմ քեզ, խնդրում եմ ինձ մենակ մի թող, մենակ դու կարող ես ինձ օգնել այս աշխարհում, մի վարվի այդպես, կգա մի օր դու կհասկանաս, թե ում հետ ես փոխել ինձ ու շատ ուշ կլինի>>: Ես ժպտացի, ցույց տվեցի նրան հեռանալու ճանապարհը: Մանեն ճիշտ էր, իմ նոր կապը շատ կարճ տևեց, ես կույրի նման նրան սրբի տեղ էի դրել, այնինչ նա թափթփուկի մեկն էր: Մանեին կորցնելուց հետո, ես սկսեցի գնահատել նրա սերը, նրա խանդի խենթ տեսարաններն ուղղակի կարոտում էի: Ես փորձեցի որոնել նրան, հեռախոսը անհասանելի էր, համալսարանում նույնպես չգտա նրան: Կարոտը կարծես մաշում էր հոգիս. կյանքում առաջին անգամ ես կարոտում էի ու անզոր էի որևէ բան փոխելու:

Մաս 3
Վերջապես ամուսնացա:  Երբեմն հիշում էի Մանեին, նրա աչքերը մոռանալ չէր կարողանում, խիղճս կարծես տանջում էր, բայց արդեն ուշ էր: Մի տարի անց հայր դարձա: Ես պաշտում էի տղայիս, նա իմ կյանքն էր, իմ աշխարհը.... Օրերից մի օր պարզվեց, որ տղաս հիվանդ է: Ես ցնցվեցի, երբ լսեցի բժիշկի ախտորոշումը: Հասկացա, որ իմ վայելքի պատճառով տղաս հիվանդ է ծնվել ու դրանում մեղավորը միայն ես եմ:  Այդ պահին հիշեցի Մանեի խոսքերը. <<Թող աստված քեզ դատի>>: Ես գլուխս բռնեցի ու ցավից ոռնացի: Մեծ գումար էր անհրաժեշտ տղայիս արտերկիր տեղափոխելու համար: Ասեցին, որ Գերմանիայում մի կլինիկա կա, որտեղ միայն կարող են փրկել տղայիս կյանքը: Գումարը մի կերպ հայթայթեցի ու մեկնեցինք այն հույսով, որ տղայիս կփրկենք: Ես պատրաստ էի ծնկի գալ, աղաչել, պաղատել միայն թե փրկեին երեխայիս:


Մաս 4
Մեյն Ադունց էր բժշկուհու անունը, ով հրաշքներ էր գործում, ով փրկել էր հազարավոր մարդկանց: Նրան գտնելը ու տեսնելը չափազանց դժվար եղավ մեզ համար: Ես արդեն հույսս կորցրել էի գիշերում էի հիվանդանոցում, ցնդած ու խելագարված չափչփում էի հիվանդանոցի միջանցքները, ամբողջ օրը գլուխս բռնած ինձ պատերով էի տալիս: Վերջապես ասեցին, որ բժշկուհին ժամանել  է: Ես խելագարի նման դուրս վազեցի ու երբ տեսա նրան տեղում գամվեցի...Իմ Մանեն էր:
Ես կարկամել էի խոսքեր չէի գտնում, ապշահար նայում էի նրան ու չէի հավատում աչքերիս: Նա այնքան էր փոխվել, չկար առաջվա ժպիտը, գեղեցիկ, թախծոտ զգացմունքային աչքերն ու հայացքը: Նա կարծես քար էր դարձել, շատ լուրջ, գործնական մի կին: Տարիներ առաջ երբ հանդիպեցի Մանեին բժշկական ինստիտուտի   5-րդ կուրսում էր սովորում, ես անգամ մտածել չէի կարող, որ հայտնի Մեյն Ադունցը իմ Մանեն էր: Մտքերի մեջ ընկած դեռ երկար կմնայի այդպես, բայց ինձ սթափեցրեց թարգմանչիս ձայնը. <<Բժշկուհի արդեն մեկ շաբաթ է փնտրում ենք Ձեզ, հարցը շատ լուրջ է, խոսքը երեք տարեկան տղայի մասին է, նրան լուրջ բուժօգնություն է անհրաժեշտ: Խնդրում ենք փրկեք նրան>>: Մեյնը բարձրացրեց աչքերը նայեց թարգմանչիս` սառը անտարբեր հայացքով, հետո ինձ մի արհամարհական հայացք նետեց, այնպես կարծես երբևէ չէր էլ ճանաչել: Ես մոտեցա նրան, խնդրեցի թարգմանչին թողնել մեզ մենակ:


-Մանե°, խոսքը տղայիս մասին է, խնդրում եմ փրկիր նրան: Այս աշխահում մենակ դու կարող ես օգնել ինձ: Աղաչում եմ: Ես ծնկի եկա նրա առաջ, որ գրկեմ նրա ոտքերը, որ պաղատեմ, որ ների ինձ, ես կյանք էի աղերսում նրանից, ինչպես որ նա տարիներ առաջ ինձանից...: Մանեն լուռ հեռացավ առանց մի բառ անգամ ասելու: Մոլագարի նման ես նետվեցի նրա հետևից, բայց անվտանգության աշխատակիցները ինձ հետ պահեցին: 

Մաս  5
Այդ պահին Մանեի հոգում կարծես փոթորիկ էր: Նա այնքան երկար էր սպասել այս օրվան, այնքան էր տառապել, տանջվել ու արտասվել: Հիշում էր, այն օրը, երբ անպետք իրի նման նա դուրս նետեց նրան իր կյանքից: Երկար ժամանակ պահանջվեց, որ նա ուժ գտնի իր մեջ նորից ապրելու, ժպտալու ու հավատալու մարդկանց: Մանեն լքեց Հայաստանը, նա ուսումը շարունակեց Գերմանիայում: Օրնիբուն կարդում էր, գրում, որ մոռանա վիշտը, որ չհիշի նրան: Իր գիտելիքների ու մեծ կամքի շնորհիվ նա հասավ համաշխարհային ճանաչման: Այժմ նա իր սեփական կլինիկան ուներ, բժշկական գիտությունների դոկտոր էր: Ու հիմա եկել էր հատուցման պահը: Բայց ինչպես վարվեր, երեխայի կյանքի գնով պատժե±ր նրան: Ոչ նա դա անել չէր կարող, ի վերջո նա արդեն պատժվել է, ստացել իր վայելքի պտուղները: Մանեն վճռական դուրս եկավ աշխատասենյակից ու քայլերն ուղղեց երեխայի հիվանդասենյակ:

 Մաս 6
Երեկոյան մեզ հայտնեցին, որ երկու օր հետո վիրահատելու են տղայիս: Ես սրտի թրթիռով սպասում էի, թե երբ նա դուրս կգա վիրահատարանից, կարծես իմ սեփական մահվան դատավճիռը պետք է լսեի:  Վիրահատությունը տևեց ավելի քան  9 ժամ: Մեյնը դուրս եկավ վիրահատրանից մոտեցավ ինձ ու միայն մի նախադասություն ասաց. <<Ձեր տղան կապրի>>:  Ես վազեցի նրա հետևից . <<Մանե շնորհակալ եմ, ներիր ինձ աղաչում եմ ասեցի ես ու ծնկի իջա: Նա անգամ չնայեց ինձ <<Թող աստված ների....>>, ասեց նա ու հեռացավ: Այդ պահին որքան կուզեի, որ նա ինձ սրիկա անվաներ, ու նետեր երեսիս, որ ես արժանի չեմ, որ պետք է տանջվեի, ինչպես որ նրան էի տանջում, բայց նրա այդ խոսքերը ուղղակի ոչնչացրին ինձ:


    Տարիներ անցան, տղաս առողջացավ, չգիտեմ աստված ներել է ինձ, թե ոչ, բայց ես ինքս ինձ հաստատ դեռ չեմ ներել...



                                                                                                 Հեղինակ` Ե. Մնացականյան


Отправить комментарий