ԱՄԱՆՈՐՅԱ ՍԻՐՈ ՀՐԱՇՔ

Ամանորին հաշված րոպեներ էր մնացել, արդեն 12-ին 5 էր պակաս: Աննան վերջին անգամ մոտեցավ սեղանին ստուգելու արդյոք ամեն ինչ կարգին է, ոչինչ չի մնացել ավելացնելու, հետո վերցրեց շամպայնի բաժակն ու աչքերը հառելով ժամին, հիշողությունների գիրկն ընկավ:
Նա շատ տխուր էր, արդեն երրորդ տարին էր, ինչ նա Ամանորը մենակ էր դիմավորում: 
Նրա կյանքում չկար այլևս Նա: Ինքն էլ չիմացավ, թե դա ինչպես տեղի ունեցավ: Չհասկացավ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ նրանք բաժանվեցին: Ա՞խր այնքան ամուր է նրանց սերը, այնքա՜ն անկեղծ ու ջերմ, որ կարծես անհնարին էր թվում նրանց բաժանումը: Բայց ժամանակը և տարածությունը կարողացան այդ անել: Նա մեկնեց Միացյալ Նահանգներ աշխատելու նպատակով, խոստանալով, որ կվերադառնա հայրենիք ու նրանք հավերժ միասին կլինեն: 
Աննան հույսով սպասում էր նրան տարիներ շարունակ, թվում է, թե ամեն րոպե ու վայրկյան նա կգա, պատրաստ էր մի ամբողջ հավերջություն սպասել իր սիրելիին, եթե մի օր չստանար նրանից մի նամակ հետևյալ բովանդակությամբ. "Ժամանակը և տարածությունը դաժան գտնվեցին, մեր սերը վաղուց մեռած է, ապրիր քո կյանքով": Որքան էլ, որ լուրը խոցելի էր նրա համար, այնուամենայնիվ, նա չէր հավատում աչքերին, կարդում էր օրը հարյուր անգամ այդ տողերը ու հիշում այն խոսքերը, որ ասեց Նա գնալուց առաջ. ''Ես սիրում եմ քեզ Աննա, մեր սերը ոչինչ ու ոչ ոք չի կարող սասանել, անգամ մահը չի կարող մեզ բաժանել իրարից": 
''Չէ՛, ես չեմ հավատում, որ այս տողերը դու ես գրել, չեմ կարող հավատալ, որ մարդ կարող է այսքան փոխվել ժամանակի ու տարածության հորձանուտում'',-մտածում էր նա շարունակ:
Նա սպասում էր, որքան էլ որ տարօրնակ թվար, նա սրտի խորքում փափագում էր, որ հրաշք տեղի կունենա, կվերադառնա իր սիրելին: Ամեն տարի Ամանորին նա սովորության համաձայն, 2 գավաթ էր դնում սեղանին, նա կյանքում ոչ ոք չուներ նրանից բացի, այս Ամանորն էլ բացառություն չէր, նա 2 պնակ էր դրել սեղանին, շամպայնով լցված 2 բաժակ: Մեկը իր համար, մյուսը`...:
Զանգի ձայները սթափեցրին Աննային, արդեն Ամանոր էր: Նա վերցրեց բաժակը մոտեցավ պատուհանին, և արցունքներն աչքերին շշնջաց.''Դու այս տարի էլ չեկար սիրելիս, Շնրհավորում եմ Նոր տարիդ, ուր էլ լինես, ու որքան էլ հեռու ինձանից միևնույն է իմ սրտում ես....": Հազիվ էր գավաթը մոտեցրել շուրթերին, երբ դռան զանգը հնչեց:
Նա շտապեց բացելու դուռը, մտածելով, որ հավանաբար սխալվել են: Դռան առաջ Ձմեռ Պապն էր կանգնած գավազանով` նվերների պարկը շալակին: Աննան շատ զարմացավ, նա Ձմեռ պապ չէր կանչել, ինքն էլ վաղուց երեխա չէր, որ հավատար Ձմեռ պապի գոյությանը:
-Շնորհավոր Նոր տարի,-թույլ կտաք Ձմեռ պապիկին ներս գալ:
-Դուք հավանաբար սխալվել եք, ես Ձմեռ պապ չեմ կանչել, գո՞ւցե դիմացի բնակար պետք է գնայիք, այնտեղ փոքրիկ երեխա կա, հավանաբար նրանք են Ձեզ կանչել,-ասաց Աննան` փորձելով ետ պահել իր բնակարան ուղղակի ներխուժած Ձմեռ պապին:
Բայց ուշ էր, համառ պապիկը ներս մտավ, մոտեցավ սեղանին, մի պահ գամվեց տեղում` նայելով սեղանին դրված  բաժակներին:
-Դուք հավանաբար մարդ էիք սպասում, ես խանգարե՞ցի Ձեզ կարծես,-շփոթված հարցրեց  պապը:
-Այո, սպասում եմ, այսինքն` ոչ,-կարկամեց Աննան:
 -Կներեք, ես Ձեզ երևի խանգարեցի, հավանաբար դուք ճիշտ եք, ես կողքի բնակար պետք է մտնեի,-խոր հոգոց հանելով` նա վերցրեց գավազանը ու շտապեց դուրս գալ բնակարանից:
Բայց շփոթմունքից  նրա ձեռքից ցած ընկավ նվերներով լի պարկը: Աննան շտապեց օգնել պապին: Նրանց հայացքները ակամայից հանդիպեցին: Ինչ որ ծանոթ ու հարազատ բան կար Ձմեռ պապի աչքերում: Ձմեռ պապը հայացքը նրանից փախցնելով` շտապեց դեպի դուռը: Աննան ուղղակի քարացավ տեղում: Ձմեռ պապի ձայնն ու քայլվածքը նրան ինչ-որ մեկին հիշեցրին: "Այդ Նա է",-շշնջաց Աննան ու նետվեց դռնից դուրս: Ձմեռ պապը, արագ քայլերով իջնում էր աստիճաններից, վայրկյաններ անց նա արդեն դրսում էր: Աննան, չնայելով ձյան հաստ շերտին ու ցուրտ եղանակին, առանց վերարկու խելագարի պես դուրս նետվեց նրա ետևից:
-Սպասի՛ր Ձմեռ Պապ, կանգնի՛ր խնդրում եմ, ես գիտեմ, որ այդ դու ես Դավի՛թ, կանգնի՛ր, ես այդ քեզ էի սպասում, մի՛ գնա,-գոռում էր Աննան:
Լսելով այդ խոսքերը` Պապը կանգ առավ ու պտտվեց:
Աննան չէր հավատում աչքերին այդ Նա էր` Ձմեռ պապի հագուստով: Նա մոտեցավ Աննային, ծնկի իջավ, բռնեց նրա ձեռքը ու ասաց.
-Ների՛ր ինձ, Աննա, ժամանակը և տարածությունը գուցե փորձեցին սառեցնել մեր սերը, բայց չկարողացան սպանել, ես հասկացել եմ, որ սիրում եմ քեզ ու վերադարձել եմ, այն հույսով, որ դու կներես ինձ: Եթե Ամանորի գիշերը իրոք հրաշքներ լինում են, ապա դա դու կանես:
- Հրաշքն արդեն եղել է, դա քո վերադարձն է: Ես միշտ սպասել եմ քեզ ու հավատացել, որ դու կգաս մի օր, ներում եմ քեզ, որովհետև սիրում եմ կյանքում ամեն ինչից ու ամեն բանից շատ,-ասաց Աննան ու արցունքները աչքերին գրկեց սիրեցյալին...


                                                                                   Հեղինակ` Ե. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


Отправить комментарий